ԼՂՀ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին ու առաջիկա քայլերին: Բակո Սահակյանը բարձր է գնահատել հայկական երկու պետությունների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
Անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին՝ ԼՂՀ նախագահը նշել է, որ ղարաբաղյան կողմը փաստել է իր գործողությունների իրավացիությունը: ՀՀ վարչապետը նշել է, որ ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների կարևոր գրավականը նաև ԼՂՀ իշխանությունների, նախագահ Բակո Սահակյանի ձևավորած թիմի արդյունավետ գործողություններն են եղել: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ իրավիճակը պարտադրում է ոչ ստանդարտ լուծումներ՝ ի շահ երկու հայկական հանրապետությունների անվտանգության ապահովման ու առավել հզորացման: Երկուստեք կարևորվել է հեռանկարային ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը և խորացումը: